🔉 🔊
Genocide Studies
               

+374 33211011

Սլայդշոու 230x230 սպիտակ ֆոնով
Նկար 1 Նկար 2


Հեղինակ՝ Հյուր
Տեղադրվել է 09:51
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ, ՃԱՆԱՉՈՒՄ, ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սթ դեկտեմբերի 8-9-ը Երևանում կայացավ «Ցեղասպանություն, հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն էր մշակել նորարարական ռազմավարություններ՝ ցեղասպանության և զանգվածային վայրագությունների դեմ պայքարելու համար: Գիտական միջոցառումը կազմակերպվել էր «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) նախաձեռնությամբ:

Միջազգային գիտաժողովի մեկնարկը տրվեց ԵՊՀ նախասրահում ցեղասպանությունների հիշողության ծառի և ցեղասպանությունների պատմության ցուցադրությամբ, որտեղ ներկայացված էին հայերի, հրեաների և այլ ազգերի ցեղասպանության նախապատմությունը, պատճառները, ընթացքը և հետևանքները: Լուսանկարիչ Վիկտոր Գերասիմովսկու «Լռության արձագանքները» խորագրով ցուցադրությամբ էլ ներկայացվեցին 1972 թ. բուրունդյան ցեղասպանությունը վերապրածների լուսանկարները, պատմությունը, մտքերը` նպատակ ունենալով մասնավորապես ընդգծելու կրթության հզոր ուժը ապագա վայրագությունները կանխելու գործում: 

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով ավելի քան 20 երկրներից ժամանած պրոֆեսորների, փորձագետների, հետազոտողների մասնակցությունը գիտաժողովին, ընդգծեց. «Ցեղասպանագիտությունը և ցեղասպանությունների կանխարգելումը չեն վերաբերում միայն Հայաստանի Հանրապետությանը. տարբեր երկրների ներկայացուցիչներ գիտաժողովի ընթացքում խոսեցին այն մասին, որ հիշողությունը մեկն է բոլորի համար։ Այսօրինակ միջոցառումները առաջին հերթին միտված են կանխարգելելու ցեղասպանությունները աշխարհի տարբեր երկրներում: Ցավոք սրտի, 1915 թ. ցեղասպանությունից հետո մենք ականատես ենք եղել նաև 21-րդ դարում տարբեր ցեղասպանությունների»։

Նրա խոսքով՝ երբեմն թվում է, թե գիտական համայնքի ջանքերը վճռորոշ ազդեցություն չունեն քաղաքական որոշումների կայացման վրա, սակայն դա չի նշանակում, որ գիտական համայնքը փորձագիտական, ակադեմիական մակարդակներում պետք է լռի և չարձագանքի ցեղասպանությունների պատճառներին, հետևանքներին։ Այս համատեքստում նա շեշտեց. «Կանխարգելումը հնարավոր է նրանով, որ աշխարհի տարբեր երկրներ ճանաչեն այլոց ցեղասպանությունները: Ի դեպ, Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ ճանաչել են 100-ավոր երկրներ, ինչը մեզ հույս է տալիս, որ հետագայում ցեղասպանություններ տեղի չեն ունենա, կամ գոնե կնվազի դրանց թիվը»:

«Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն էլ հավելեց, որ հայ ժողովուրդը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, երկար տարիներ եղել է այս հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկը միջազգային ասպարեզում։  «Մենք հպարտ ենք, որ հայ ժողովուրդը կարողացավ իր ողբերգական պատմական փորձը վերածել համընդհանուր նշանակություն ունեցող նախաձեռնության։ Մեր հավաքական հիշողությունը պարտավորեցնում է մեզ ոչ միայն հիշել, այլև գործել։ Ցեղասպանությունը սկսվում է կարծրատիպերից, նախապաշարմունքներից, խտրականությունից, ատելության խոսքից։ Այն սկսվում է այն ժամանակ, երբ մարդիկ դասակարգվում են «մենք»-ի և «նրանք»-ի, երբ ուրիշների մարդ լինելու փաստը հերքվում է, երբ անտարբերությունը ստվերում է համերաշխությունը»,- ընդգծեց նա։

Լիլիթ Մարտիրոսյանն իր ելույթում շեշտեց, որ ցեղասպանության կանխարգելման գործիքների շարքում կրթությունը մնում է ամենահզոր և եզակի գործիքը։ 

«Գիտելիք տալը, վերլուծական մտքի զարգացումը, փորձի փոխանակումը և նոր սերունդների կրթությունը ցեղասպանագիտության բնագավառում կարող են կյանքեր փրկել ապագայում»,- ասաց նա ու կարևորեց գիտաժողովի անցկացումը միջազգային փորձագետների, հետազոտողների, իրավաբանների և մարդու իրավունքների պաշտպանների մասնակցությամբ:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանն էլ նշեց, որ ցեղասպանությունը պատմության պատահականություն չէ. այն ժողովրդին, նրա մշակույթը, նրա տոհմածառն ու ապագան ջնջելու հաշվարկված գործողություն է։

«Ցեղասպանությունը լռությունից ծնված, անտարբերությամբ սնվող և բյուրոկրատական ճշգրտությամբ իրականացվող սահմռկեցուցիչ հանցագործություն է»,- ասաց Վահրամ Պետրոսյանն ու մեջբերեց ազգությամբ հրեա գրող Էլի Վիզելի (նա հայտնի է ցեղասպանագիտության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր աշխատություններով) խոսքերը. «Մեռյալներին մոռանալը նման է նրանց երկրորդ անգամ սպանելուն»:

Գիտաժողովին քննարկվեցին ցեղասպանության վաղ նախազգուշացման մեխանիզմները, կանխարգելման ռազմավարությունները, արդարադատության հարցերը և հիշողության դերակատարումը։

Միջոցառմանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մեդալներ ու պատվոգրեր շնորհեց ցեղասպանությունների ուսումնասիրման, կանխարգելման, միջազգային հարթակներում խնդրի հանրայնացման ուղղություններով իրենց ջանքերը ներդրած անձանց, ինչպես նաև «Ցեղասպանություն, հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովի աջակիցներին:

ԵՊՀ ոսկե մեդալի արժանացան իրավագիտության դոկտոր, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտը, Բեռլինի ազատ համալսարանի բանասիրության դոկտոր Թեսսա Հոֆման-Սավիդիսը, Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր, «Շվեյցարիա-Թուրքիա» հետազոտական հիմնադրամի նախագահ Հանս-Լուկաս Կիզերը։ Շնորհվեցին նաև «Շառլ Ազնավուր» հուշամեդալ, «Մուսա լեռան փառքի» մեդալ և պատվոգրեր։

Գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 50 առաջատար փորձագետներ, գիտնականներ և մասնագետներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից, Ռուանդայից, Բուրունդիից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Կամբոջայից, Շվեդիայից, Իրաքից, Ավստրալիայից և Շվեյցարիայից։

Այս գիտաժողովի առանձնահատկությունը նաև ռազմավարական ժամանակացույցն էր, որը համընկնում էր դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիա»-յի ընդունման օրվա հետ։ Այս տարի լրանում է կոնվենցիայի ընդունման 77-ամյակը։ 

Գիտաժողովի ներկայացված բոլոր զեկույցներն ու հոդվածները կհրապարակվեն BRILL միջազգային հրատարակչության կողմից հատուկ հատորով՝ ապահովելով ստացված գիտելիքների լայն տարածումը։

 

Գիտաժողովի ծրագիրը՝ այստեղ

1. Hovhannes Hovhannisyan-YSU Rector, Doctor of History, Armenia
2. Rafayel Barkhudaryan-YSU Vice-rector for Scientific Affairs, Armenia
3. Mikayel Hovhannisyan YSU Vice-rector for Development and Innovations, Armenia
4. Dr. Vahram Petrosyan- Director of YSU Institute for Armenian Studies, PhD in History, Associate Professor, Armenia
5. Prof. Ashot Hayruni- YSU Head of the Department of Genocide Studies at the Institute of Armenology, Armenia
6. Lilit Martirosyan- President of the ‘’Centre for Human Rights and Genocide Studies’’ NGO, Armenia
7. Dr. Ellen J. Kennedy, Executive Director ‘’World Without Genocide’’ USA
8. Dr. Nkurunziza Joseph Ryarasa- Executive Director, " Never Again Rwanda’’ Rwanda
9. Dr. Jeanine Ntihirageza-Director, Center for Genocide and Human Rights Research in Africa and the Diaspora at Northeastern Illinois University, Burundi, USA
10. Prof. Dr. Bernd Braun- Executive director of the Foundation for the Friedrich Ebert House Museum in Heidelberg, Germany
11. Prof. Dr. Hans Lukas-Kieser-Historian, Switzerland
12. Moritz Florin- Max Weber-Stiftung, MWS Georgia Branch Office, Head of Office
13. Hemn Mamrash-Assistant Director of Media in the Ministry of Martyrs and Anfal Affairs in Kurdistan Regional Government, Iraq

 

 

 

.

Տարածել:
Թեգեր:

Մեկնաբանություն













Website by WebON.am © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են uCoz
Կայքում ներկայացված երաժշտության երգի հեղինակ՝ Կոմիտաս,Գործիքավորող՝ Գարեգին Առաքելյան, Երաժշտական գործիքավորող՝ Արսեն Բարսամյան