🔉 🔊
Genocide Studies
               

+374 33211011



Հեղինակ՝ Հյուր
Տեղադրվել է 10:40
Զարգացնենք Ցեղասպանագիտությունը Հայաստանում

ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ- 2026» ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ


Ամփոփվեց «Ցեղասպանագիտական երիտասարդական դպրոց - 2026» ծրագրի գարնանային փուլը։ Ծրագիրն իրականացվել է «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) նախաձեռնությամբ՝ Հայկական օգնության միության աջակցությամբ։
Ծրագիրը, որը բաղկացած էր ութ հաջորդական դասընթացից, միավորեց Երևանի պետական համալսարանի և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի՝ միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, հայագիտության և հոգեբանության ոլորտներում մասնագիտացող բազմաթիվ ուսանողների։Ծրագրի շրջանակներում անցկացվեցին թեմատիկ դասախոսություններ, ակադեմիական քննարկումներ և փորձագետների հետ մասնագիտական շփումներ, որոնք հնարավորություն տվեցին մասնակիցներին տեսական գիտելիքները համադրել գործնական վերլուծությունների հետ։ Հենց այդ բազմազանությունն էր ծրագրի ուժը, որը հնարավորություն ընձեռեց ցեղասպանագիտությանը ճանաչել տարբեր մասնագիտական դիտանկյուններից՝ պատմական, իրավական, սոցիոլոգիական, հոգեբանական, մշակութային և քաղաքական։
Ծրագրի ավարտին մասնակիցները ներկայացրին խմբային հետազոտական աշխատանքներ, որոնք արտացոլում էին ձեռք բերված մեթոդաբանական հմտություններն ու վերլուծական մոտեցումները։
Մասնակիցների խմբային հետազոտական աշխատանքների ներկայացմանը մասնակցում էին Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտները՝ որպես ունկնդիրներ։ Նրանց ներկայությունն ընդգծեց ծրագրի կրթական առաքելության լայն հասանելիությունը և դեռ դպրոցական տարիքում ցեղասպանագիտական գիտելիքների ձեռաբերման կարևորությունը։
Ծրագիրը գործնականում ցույց տվեց, որ ցեղասպանագիտությունը Հայաստանում կարող է դառնալ կենդանի, ակտիվ գիտական դիսկուրսի հարթակ։
Փակման հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ԵՊՀ ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին, ինչպես նաև ծրագրի հատուկ հյուր՝ Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի Սոչիի ինստիտուտի մասնաճյուղի միջազգային հարաբերությունների գծով փոխտնօրեն Դմիտրի Դալմատովը։
«Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն ընդգծեց, որ եզրափակվող ծրագիրը պարբերաբար իրականացվող այդօրինակ ծրագրերի մեկնարկ է դառնալու։ 
«Այս դպրոցը միայն ավարտ չէ, այլև սկիզբ՝ նոր հետազոտությունների, նոր համագործակցությունների և նախաձեռնությունների։ Թող այստեղ ստացած գիտելիքն ու փորձը արդյունավորվեն մասնակիցների հետագա մասնագիտական  գործունեության ընթացքում՝ հանուն ճշմարտության, հիշողության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության։»Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ծրագրի դասախոսներին՝ Գևորգ Դանիելյանին, Լարիսա Ալավերդյանին, Արթուր Աթանեսյանին, Աշոտ Հայրունուն, Մարի Հովհաննիսյանին, Քրիստինե Ավետիսյանին, Լուսինե Սահակյանին և Անի Ոսկանյանին՝ ընդգծելով, որ նրանք մասնակիցներին սովորեցրել են ոչ միայն փաստեր, այլև «մտածել,
վերլուծել և զգալ պատասխանատվություն պատմության և ներկայի նկատմամբ»։

ԵՊՀ ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին կարևորեց ծրագրի միջգիտակարգային բնույթը։ Շնորհավորելով կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ նա ընդգծեց, որ ծրագրային նման ձևաչափերը ոչ միայն մասնագիտական գիտելիք են ապահովում, այլև օգնում են երիտասարդներին ճանաչել ցեղասպանագիտությունը որպես միջգիտակարգային գիտակրթական ոլորտ։
«Ցեղասպանագիտությունն աշխարհում ամենաարագ զարգացող գիտաճյուղերից է։ «Ցեղասպանագիտություն» մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի Հայաստանի և արտերկրի գիտական, կրթական, քաղաքական, մշակութային ու այլ կառույցներում։ Համաշխարհային նորագույն պատմությունը փաստում է, որ ցեղասպանության հանցագործությունը շարունակաբար մնում է մարդկության դեմ ուղղված սպառնալիք։ Ցեղասպանագիտության մեջ տարածված է այն տեսակետը, որ որևէ ցեղասպանության ժխտումն այլ բան չէ, քան դրա շարունակությունը։ Հայ և միջազգային ցեղասպանագետները պետք է իրենց խնդիրը համարեն պայքարել Հայոց և ցանկացած այլ ցեղասպանության ժխտողականության դեմ, բացահայտել որևէ ցեղասպանության բացառիկության մասին պնդումների անհիմն լինելը, քանի որ դրանք ոչ միայն որևէ հիմք չունեն, այլև անուղղակիորեն նսեմացնում են այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակը»։

Ծրագրի հատուկ հյուր, Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի Սոչիի ինստիտուտի մասնաճյուղի միջազգային հարաբերությունների գծով տնօրենի տեղակալ Դմիտրի Դալմատովն ընդգծեց, որ ապագա առաջնորդների կրթությունը պետք է հիմնված լինի ճշմարտության, մարդասիրության և փոխադարձ հարգանքի արժեքների վրա։ Նրա խոսքով՝ միջազգային մարդասիրական հանրությունը պարտավոր է պահպանել այդ սկզբունքները հատկապես այն ժամանակ, երբ աշխարհում աճում են ագրեսիան և բռնությունները։«Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի Սոչիի ինստիտուտի մասնաճյուղի դասախոսների և ուսանողների անունից խորին ցավակցություն եմ հայտնում հայ ժողովրդին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Պատմական հիշողությունը շարունակում է մնալ նման երևույթների դեմ պայքարի կարևորագույն վահանը»։

Ավարտական արարողության շրջանակներում տեղի ունեցավ դասախոսներին շնորհակալագրերի և մասնակիցներին հավաստագրերի հանձնման արարողությունը։ Լիլիթ Մարտիրոսյանը և պրոֆեսոր Աշոտ Հայրունին հավաստագրեր հանձնեցին ծրագրի բոլոր դասերը հաջողությամբ ավարտած մասնակիցներին։ ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը մասնակիցների համար պատրաստել էր նվերներ, իսկ պրոֆեսոր Հայրունին յուրաքանչյուր մասնակցի նվիրեց իր հեղինակած «Ցեղասպանությունների պատմություն» դասագիրքը։Ծրագիրն առաջիկայում կընդլայնի իր աշխարհագրությունը՝ գործելով Հայաստանի տարբեր մարզերում։

 

Տարածել:
Թեգեր:

Մեկնաբանություն













Website by WebON.am © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են uCoz
Կայքում ներկայացված երաժշտության երգի հեղինակ՝ Կոմիտաս,Գործիքավորող՝ Գարեգին Առաքելյան, Երաժշտական գործիքավորող՝ Արսեն Բարսամյան